Մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մերձակայքում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: