Կանադայի մարդու իրավունքների թանգարանի «Խախտենք լռությունը» պատկերասրահը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել երկրում պաշտոնապես ճանաչված հինգ ցեղասպանություններին, ներառյալ նաև Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնել է կանադահայ գործիչ Սարգիս Ասադուրյանը, թանգարանից իր ստացած նամակում ասվում է, որ պատկերասրահը լուսաբանելու է նաև այն համայնքների գործունեությունը, որոնք պայքարել են ցեղասպանությունների ճանաչման համար:
«Հաշվի առնելով Ձեր աշխատանքի փորձը որպես խորհրդարանի անդամ, և այն, որ Ձեր գործունեության ընթացքում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Կանադայի կառավարության կողմից, մեզ համար պատիվ կլիներ Ձեզ հետ հանդիպելը, եթե Դուք համաձյնեք կիսել ձեր փորձն ու գիտելիքները Հայոց ցեղասպանության մասին»,-ասվում է նամակում:
Այդ կապակցությամբ Ասադուրյանը շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետ Սթիվեն Հարփերին, Կանադայի կառավարությանը բարոյական ու ֆինանսական աջակցության համար:
Սարգիս Ասադուրյանն ընտրվել է Կանադայի խորհրդարան Օնտարիոյի շրջանից 2000թ.: Նա միշտ եղել է կանադահայ համայնքի ակտիվ գործիչ, նախաձեռնել է բազմաթիվ հայանպաստ բանաձևեր ու նախագծեր Կանադայի խորհրդարանում, ինչպես նաև հասարակական շրջանակներում, զուգահեռաբար սատարել է նաև հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին, որի համար քննադատության է ենթարկվել Կանադայի հայկական շրջանակներում: