ԵՄ գծով նախարար ու թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը հանդես է եկել հայտարարությամբ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, ինչպես նաև մեկնաբանել է Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, նախարարը բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ մի գեղեցիկ օր բոլոր խոչընդոտները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին կվերացվեն:
Բաղիշն ասել է.«Շիրակի ու Շրյոդերի օրոք Ֆրանսիան ու Գերմանիան սատարում էին Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Եվ այսօր պատկերն ԵՄ-ում կարող է փոխվել: Նախարարը, որ մասնակցել է TRT ալիքի հաղորդմանը արաբերեն լեզվով, պատասխանել է ակտուալ հարցերի:
Պատասխանելով եգիպտացի գրող Սաադ Աբդել Մաջիդի հարցին Կիպրոսի խնդրի վերաբերյալ, Բաղիշն ասել է հետևյալը. «Չնայած նրան, որ աշխարհը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը, կղզու վրա գոյություն ունի երկու պետություն, որոնք ունեն առանձին կառավարություններ, խորհրդարաններ, ինստիտուտներ: Վերջին տարիներին ջանքեր են գործադրվում այդ պետությունների միավորման համար: Չնայած նրան, որ Հյուսիսային Կիպրոսը համաձայնվել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ծրագրի հետ, Կիպրոսի հույները հանրաքվեում մերժեցին այդ պլանը: Դրա հիման վրա Կիպրոսի հունական հատվածի քաղաքացիներին թույլ տրվեց մուտք գործել Հյուսիսային Կիպրոս:
Բաղիշն ասել է, որ սատարելով Հայոց ցեղասպանության մասին օրինագծին՝ Սարկոզին մտադիր է ստանալ հակաիսլամիստ ընտրողների ձայները: «Սարկոզին հիանալի գիտի, որ չի ստանա աֆրիկյան ծագում ունեցող քաղաքացիների ձայները, ուստի նա աջակցում է հայկական օրինագծին աջ ծայրահեղականների ձայները ստանալու համար:
Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: