ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Մարկ Կիրկը կոչ են արել գործընկերներին սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ): «Թուրքիայում Ցեղասպանության ժխտման գործող քաղաքականության պայմաններում մենք գնահատում ենք սենատոր Մենենդեսին Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի ճանաչմանը անխախտ հավատարմության համար»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք ողջունում ենք նաև սենատոր Կիրկին նրա մշտական ջանքերի համար»,-ասել է նա:
Ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևը կներկայացվի Սենատ այս ամսվա վերջում: Նոր բանաձևը լրացում է պարունակում՝ 1951թ. ԱՄՆ դիմումից Միջազգային դատարանին՝ Ցեղասպանության կանխարգելման և նրա համար սահմանված պատժի վերաբերյալ:
Ցեղասպանության կանխարգելման և նրա համար սահմանված պատժի վերաբերյալ կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ ԳՎ կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում, ուժի մեջ է մտել 1951թ. հունվարի 12-ին: Այն ցեղասպանությունը սահմանում է որպես մարդկության դեմ ծանրագույն ոճրագործություն, ինչպես նաև իրավական սահմանում է տալիս: