AM
5 April 2003 - 15:59 AMT

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Հայոց ցեղասպանության հարցն օրերս քննարկվել է Հիրոսիմայի համալսարանում կայացած միջազգային գիտաժողովի ընթացքում: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը Հայոց ցեղասպանության հետազոտության կենտրոնում, գիտաժողովի ընթացքում փորձագետները Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Շվեյցարիայից եւ Մեծ Բրիտանիայից առաջարկել են օգտագործել ցեղասպանության ուսումնասիրման նոր ուղղություն` ի տարբերություն միայն Հոլոկոստի հետեւողական ուսումնասիրությունից, որը գիտնականների կարծիքով դանդաղեցնում է խնդրի գիտական ընդհանրացումները: Գիտաժողովի ընթացքում փորձագետները քննարկել են հարցեր, որոնք առնչվում են հայերի ցեղասպանությանը, ինչպես նաեւ Ռուանդայում, Արեւելյան Թիմորում, Կամբոջայում, Ինդոնեզիայում եւ Կենտրոնական Ասիայում տեղի ունեցած ցեղասպանություններին: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Ռաֆայել Լեմկինի աշխատանքին, որը մասնակցել է ցեղասպանության կանխման եւ պատժման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի մշակմանը: Իր դեռ չհրապարակված ինքնակենսագրությունում Ռ. Լեմկինը գրում է, որ անցյալ դարասկզբին տեղի ունեցած հայերի չպատժված ցեղասպանությունը մեծ ազդեցություն է ունեցել իր վրա: