Թուրքիայի ազգային հերոսուհի, ռազմական օդաչու Սաբիխա Գոկսենը ազգությամբ հայ է եղել: Նման վարկածի մասին նախօրեին տեղեկացրել է «Բի-Բի-Սի Նյուս» թերթը` նշելով, որ որոշ ենթադրությունների համաձայն` Սաբիխայի հարազատ հայրն ամենայն հավանականությամբ հայ է եղել, որը սպանվել է 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ: Թերթը գրում է, որ 1925 թվականին 12-ամյա Սաբիխա Գոկսենին որդեգրել է Թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Հետագայում Գոկսենը ռազմական ինքնաթիռի ղեկին նստած առաջին թուրք կինն է դարձել: Նա մասնակցել է արեւելյան Քուրդստանի Դերսիմ քաղաքի ռմբակոծություններին: Սաբիխայի կերպարը համարվել է առաջադեմ թուրք կնոջ օրինակ` դպրոցներում ուսումնասիրել են նրա կենսագրությունը: Նա կյանքից հեռացել է երեք տարի առաջ եւ թաղել են նրան մեծ պատվով: Ինչպես գրում է «Բի-Բի-Սի Նյուս»-ը, Սաբիխա Գոկսենի ազգությամբ հայ լինելու մասին լուրերը դժգոհության ալիք են առաջացրել Թուրքիայում: Հատկապես ագրեսիվորեն է արձագանքել դրան երկրի Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը` հայտարարելով, որ այդ մասին վիճաբանությունները ծաղրանք են ազգային արժեքների եւ մասունքների նկատմամբ: Ինչպես նշում է թերթը, չնայած վերջերս մշակված օրենսդրության, որն ուղղված է բարելավելու Թուրքիայում էթնիկ փոքրամասնությունների կարգավիճակը, այս դեպքը ցույց է տալիս այն բարձր զգայունակությունը եւ հիվանդագին վերաբերմունքը, որը շատերը, հատկապես բանակայինները շարունակում են ցուցաբերել թուրքական ազգայնականության եւ էթնիկ նույնականացմանն առնչվող հարցերին: