«Taraf» պարբերականի խմբագրությանն ուղղված նամակում, հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը խոստովանել է, որ սպանությունն իրականացնելու հարցում իրեն օգնել են հանցակիցները, հաղորդում է «Todayszaman»: Ըստ նրա, նա միայն կատարողն է, սակայն կային նաև պատվիրատուներ, ում հետ նա հանդիպել է հարձակումից 3 ամիս առաջ: Նամակը, որտեղ նա այդ մասին պատմում է, Սամաստը գրել է դատավճռի կայացումից հետո, ըստ որի նա դատապարտվել է 22 տարի ազատազրկման, իսկ մյուս բոլոր կասկածյալներն ազատ են արձակվել` ոչ բավարար ապացույցների պատճառով: Բոլոր մանրամասների մասին Սամաստը խոստացել է պատմել Գերագույն դատարանում որոշման բողոքարկումից հետո: Նա միայն ասել է, որ 3 ամիս առաջ նա հանդիպել է այն մարդուն, ով իրեն է հանձնել Դինքի լուսանկարը և որոշ ցուցումներ տվել:
Դինքի սպանության գործով նման մեղմ դառավճիռը դժգոհություն է առաջացրել ոչ միայն Թուրքիայում, որտեղ բողոքի են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ, այլ նաև Եվրոպայում: Եվրոպական Խորհուրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը դատապարտել է դատավճռի անարդարացիությունը: