Մարտի 19-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը և Ֆրանսիայի Մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ներկայությամբ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Երևանում կայացած հանդիպման ժամանակ Արտակ Շաբոյանը նշեց, որ, Ֆրանսիան Հայաստանում ներդրողների քանակությամբ երկրորդ և ներդրումների ծավալով եվրոպական առաջին երկիրն է: Ներկայումս Հայաստանում գործում է 155 հայ-ֆրանսիական համատեղ ընկերություն: «Համաձայնագիրը թույլ կտա բարելավել մրցակցային միջավայրը, Հայաստանում ստեղծել բարենպաստ ներդրումային մթնոլորտ և խթանել երկրում արտասահմանյան ներդրումների ներհոսքը»,-ընդգծել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանջնաժողովի նախագահը:
Արտակ Շաբոյանը նաև հաղորդել է, որ ստորագրված փաստաթղթի շրջանակներում, ենթադրվում է համագործակցություն երկու ուղղություններով` ՏՄՊՊՀ ինստիտուցիոնալ հնարավորությունների ավելացում, Հայաստանի և Ֆրանսիայի հակամենաշնորհային մարմինների փորձագետների և ներկայացուցիչների փոխադարձ այցեր և փորձի փոխանակում: Բացի այդ, ուշադրություն է դարձվելու նաև հայ-ֆրանսիական համատեղ ընկերությունների աշխատանքներին և համապատասխան աջակցության ցուցաբերմանը:
Իր հերթին Ֆրանսիայի Մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը ընդգծել է, որ հայ-ֆրանսիական համատեղ ընկերությունների զգալի մասը վկայում է այն մասին, որ երկրների միջև առկա են սերտ կապեր: «Հուշագիրը կամրապնդի մեր հարաբերությունները և թույլ կտա ավելի արդյունավետ կերպով պայքարել մրցակցային դաշտում»,-հավելել է նա:






