AM
21 March 2012 - 07:11 AMT

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ավելացնել Հայաստանին, Արցախին և Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայաստանին աջակցող խմբի շուջ 30 անդամներ նամակ են հղել օտարերկրյան հատկացումների ենթակոմիտեի ղեկավարությանը՝ կոչ անելով ավելացնել Հայաստանին, Արցախին և Ջավախքին հատկացվող ֆինանսական օգնությունը, ինչպես նաև ֆինանսավորել Մերձավոր Արևելքի քրիստոնյա փախստականների վերաբնակեցումը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը, «երկու կուսակցությունների ներկայացուցիչները միավորվել են, աջակցելով հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման միջոցով»: Կոնգրեսականները նամակում կոչ են արել 2013թ. ֆինանսական տարում առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին որպես մարդասիրական օգնություն և, Վրաստանին հատկացվող օգնության առնվազն 10 տոկոսը ուղղել Ջավախք, այդ թվում տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման համար: Կոնգրեսականները նաև հորդորում են առնվազն 50 մլն դոլար հատկացնել Հայաստանին որպես ֆինանսական օգնություն, ինչպես նաև ֆինանսապես աջակցել Մերձավոր Արևելքի երկրների հայերի և մյուս քրիստոնյա փախստականների վերաբնակեցմանը:

Կոնգրեսականները հորդորել են սահմանափակել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը՝ հաշվի առնելով նրա ակտիվ սպառազինումը և Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հասցեագրցած սպառնալիքները:

ԱՄՆ օրենսդիրները նաև կոչ են անում վերացնել բոլոր արգելքները ԱՄՆ քաղաքացիների և ԼՂՀ ներկայացուցիչների շփման համար և ընդգրկել Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում: