Խառը ոճի մարտիկ Ջարեդ Փափազյանը (ԱՄՆ), ով հանդես է գալիս գերթեթև քաշային կարգում, իր հաջորդ մենամարտը «ութանկյունում» կանցկացնի Դասթին Պագայի դեմ: Այս մարտիկների հանդիպումը կկայանա UFC on FX 3 մրցաշարի շրջանակներում, որը նախատեսվում է հունիսի 8-ին, հաղորդում է MMAJunkie-ն: Մրցաշարի անցկացման վայրն առայժմ հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ UFC on FX 3 շոուն տեղի կունենա հունիսի 1-ին:
Փափազյանն անցկացրել է 22 մենամարտ, որոնցից 14-ում հաղթանակ է տարել, 7-ում` պարտություն կրել, հանդիպումներից մեկն էլ ավարտել ոչ ոքի:
Հայ մարզիկի մրցակիցն անցկացրել է 16 մենամարտ և 10-ում հաղթանակ տարել:






