
Տարվա գլխավոր կինոիրադարձությանը` Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Կրակ և մոխիր» (Avatar: Fire and Ash) ֆիլմի պրեմիերային մնացել են հաշված օրեր։ Սա բազմամիլիարդանոց ֆրանշիզի արդեն երրորդ մասն է, սակայն «Ավատարը» ոչ միայն հսկայական գումարներ են վարձույթում, ոչ միայն նոր կինոտեխնոլոգիաներ են, այլև մանրակրկիտ մշակված աշխարհ` Պանդորա մոլորակն իր հարուստ կենսաբազմազանությամբ։
PAN-ը չէր կարող անմասն մնալ այս կարևորագույն իրադարձությունից ու անցկացրել է հերթական հետաքրքիր էքսպերիմենտը։ Պատկերացրեք, որ հայտնաբերել եք անանուն կենսաբանի դաշտային մատյանը, որում նա նկարագրում է Պանդորայի ունիկալ կղզիներից մեկն ու դրա բնակիչներին։ Կղզի, որից նա’վիները հեռու են մնում ու որի մասին «մոյժեյքն» ու իր ընտանիքը ընդհանրապես տեղյակ չեն։
(Ինչպես գիտեք, մեր հոդվածները պատրաստելիս մենք նույնպես հետևում ենք տեխնոլոգիական թրենդերին, բայց կրեատիվով։ Օրինակ, իլյուստրացիաները գեներացրել են Gemini-ի Nano Banana Pro ու ChatGPT-ի Dall-E արհեստական բանականության գործիքները, սակայն բոլորը հիմնված են հոդվածի հեղինակի սքեթչերի վրա)։
Ձայնագրություն №1. Իլումարա կղզին։ Կարճ դիտարկումներ։ Դաշտային օրագիր, օր առաջին։
Կղզին փոքր է, մոտ քսան կիլոմետր երկարությամբ ու մոտ տասներկու կիլոմետր լայնությամբ։ Ձևով այն ձգված կիսալուսին է։ Մակերեսը մոտ 113 քառակուսի կիլոմետր, սակայն կան հիմնավոր կասկածներ, որ կղզու մակերևույթը միայն այսբերգի գագաթն է, խիստ հարուստ կենդանական ու բուսական աշխարհի ճնշող մեծամասնությունը բնակվում է խորքերում։ Բանը նրանում է, որ կղզին, ըստ էության, հսկայական սիլիկատա-անոբտանիումային համաձուլվածքի մոնոլիտ կտորի միայն վերին հատվածն է։ Նախկինում կարծիք կար, որ կղզին ունի հրաբխային ծագում, սակայն արբանյակային պատկերները միանշանակ վկայում են. սա Պանդորայի սիրտը մխրճված հսկայական մոնոլիտ օբյեկտի վերևի հատվածն է։ Առայժմ անհայտ է, երբ է տեղի ունեցել բախումը ու ինչու օբյեկտը չի ոչնչացել մոլորակի հետ բախման արդյունքում, այլ զուտ մխրճվել ու մնացել է նրա մանտիայում։

Հնարավոր է, հանելուկի լուծումը համաձուլվածքի մեջ է։ Ոչ մի հայտնի տեխնոլոգիայով հնարավոր չի առանձնացնել մաքուր անոբտանիումը սիլիկատա-անոբտանիումային համաձուլվածքից, այնպես որ այդ հարցում կղզու բնակիչների բախտը բերել է, հակառակ դեպքում RDA-ն այստեղ կուղարկեր իր գլխակերներին…