Երեկ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Ջավախքի հայ բնակչությունը բարձր ակտիվություն է ցուցաբերել: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, Ախալքալաքի շրջանում ավելի քան 33 հազար ընտրողից, նախնական ոչ լրիվ տվյալներով, ընտրություններին մասնակցել է մոտ 30 հազար մարդ, որոնց մեծամասնությունը քվեարկել է Վրաստանի կառավարող «Ազգային շարժում եւ Ժողովրդավարներ» (ԱՇԺ) դաշինքի օգտին: Նինոծմինդայի շրջանում մոտ 18.300 ընտրողներից ընտրություններին մասնակցել է ավելի քան 17.200 մարդ, որոնց ավելի քան 15 հազարը նախապատվությունը նույնպես տվել է կառավարող դաշինքին: Ծալկայի շրջանի մոտ 13 հազար ընտրողներից ընտրություններին մասնակցել է 9 հազարը, որոնց ավելի քան 70 տոկոսը քվեարկել է «ԱՇԺ»-ի օգտին: Բացառություն չի կազմել նաեւ Ախալցխայի շրջանի ընտրազանգվածը` 11 հազար քվեարկողների 80 տոկոսը իրենց համակրանքն են արտահայտել կառավարող դաշինքին: