Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ հայերին ուղղված իր ավանդական ելույթում նախագահ Ջորջ Բուշն կրկին ձեռնպահ է մնացել «ցեղասպանություն» տերմինը օգտագործելուց: Ապրիլի 24-ի իր ելույթում Բուշը, մասնավորապես, ասել է. «Այսօր մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը` Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած` 1,5 միլիոն հայերի բռնագաղթը եւ ոչնչացումը: Այդ սարսափելի իրողությունը թե Հայաստանում, եւ թե Թուրքիայում ազատության ու մարդկային կյանքի անձեռնմխելիության արժեքներին հավատացողների համար շարունակում է ցավի պատճառ լինել: Ես եւ ողջ Ամերիկայի ժողովուրդը կիսում ենք ԱՄՆ-ի եւ համայն աշխարհի հայ հասարակության ցավը հանդեպ կորուսյալ կյանքերը»: Միեւնույն ժամանակ Բուշն իր ելույթում հպարտություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առկա ամուր կապերի առնչությամբ եւ բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ահաբեկչության դեմ վերջին պայքարին:« Մեր կառավարությունը աջակցում է Հայաստանի, ԱՄՆ-ի ու մեր եվրոպական դաշնակիցների միջեւ ռազմավարական հարաբերությունների հաստատմանը»,-նշել է նա: Սպիտակ տան ղեկավարի ելույթում խոսք է գնում նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: