«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կարևոր է բարոյական ասպեկտը»,- Ուկրաինայում «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ռեցիդիվ է ծնում» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական միություն» միջազգային կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, հայտնում է Analitika.at.ua-ն: «Թուրքիան ցանկանում է Եվրոպա մտնել, սակայն, ինչպես կարելի է քաղաքակիրթ հանրությանն անդամակցել չճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը»,-ասել է Մարտիրոսյանը:
Ապրիլի13-ին Կիևում «Українські Новини» տեղեկատվական գործակալության մամլո կենտրոնում տեղի է ունեցել կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ծնում է կրկնություն» թեմայով: Կլոր սեղանի արդյունքներով որոշում է ընդունվել դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն օրենսդարական մակարդակում: Միջոցառման ընթացքում որպես ցեղասպանության կրկնության վառ օրինակ կայացել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992-ի ապրիլի 10» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի կենտրոնի կողմից: