AM
23 Ապրիլ 2012 - 06:02 AMT

Երուսաղեմի համալսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ սիմպոզիում

Իսրայելական համալսարանի հայագիտույան ամբիոնում կայացել է սիմպոզիում և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ներկաներին ողջույնի խոսքով է դիմել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի ներկայացուցիչը: «Ցեղասպանություն, փոքրամասնություններ և հիշողություն» զեկույցով հանդես է եկել Իսրայելում ՀՀ գլխավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: «Գորգերի տարօրինակ պատմություն» հաղորդագրությամբ է հանդես եկել հանրային անվտանգության նախարարության ներկայացուցիչ, փոքրամասնությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Մորդեհայ Զաքենը: Ցոլակ Մոմջյանը ներկաներին ծանոթացրել է կրթության վերաբերյալ Կեննեսեթի հանձնաժողովի աշխատանքներին, որի նիստի ժամանակ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Ցեղասպանությունների կանխարգելման կենտրոնից դոկտոր Յաիլ Սթեյնը և Թամար Պիլեգգին ներկայացրել են «Պայքար ցեղասպանության դեմ: Ինչպես կարող ենք կանխարգելել այն» զեկույցը:

Երուսաղեմի համալսարանի հայագիտության ամբիոնը ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին անցկացնում է միջոցառումներ` նվիրված այդ ողբերգալի իրադարձությանը: Ապրիլի 24-ին Երուսաղեմի «Հայ Դատի» գրասենյակը ողջ երկրում կանցկացնի մի շարք միջոցառումներ ` Իսրայելին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: