AM
6 May 2004 - 17:59 AMT

ՄՇԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում» թեմայով միջազգային գիտա-գործնական կոնֆերանսը: Հայերի համաշխարհային կոնգրեսի կազմակերպած (ՀՀԿ) hամաժողովի աշխատանքներին մասնակցում են ցեղասպանության հարցերով զբաղվող առաջատար փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից: Կոնֆերանսի մասնակիցները ընդհանուր համահայկական դիրքորոշում են մշակում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու հարցում, որը հիմնված կլինի պատմական փաստերի եւ միջազգային իրավական նորմերի վրա: Կոնֆերանսում ելույթ ունեցած ՀՀԿ-ի նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով, ցեղասպանությունը պետք է ճանաչի նաեւ Թուրքիան, որի հետ պետք է տարվեն բանակցություններ «փաթեթի» սկզբունքով, որտեղ կընդգրկվի նաեւ Անկարայի հրաժարումը «Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ծայրահեղական քաղաքականության միակողմանի աջակցությունից»: Կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն նաեւ հատուկ փորձագիտական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը այդ հարցի համապարփակ ուսումնասիրման համար: