Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի սենատորներ Ջադ Գրեգը եւ Ջոն Սունունուն միացել են այն սենատորների թվին, որոնք աջակցում են մարդկության դեմ զանգվածային հանցագործությունների հարցերով 193-րդ բանաձեւին, որում, մասնավորապես, ճանաչվում է հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, Սենատում բանաձեւի կողմնակիցների թիվը հասել է 39: Նշենք, որ 2003 թվականին Սենատ ներկայացված բանաձեւում նշվում է այն մասին, թե որքան կարեւոր է հիշել անցյալում մարդկության դեմ իրականացված հանցագործությունները` ներառյալ հայոց ցեղասպանությունը, հոլոկոստը, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունները, որպեսզի կանխվի դրանց կրկնությունն ապագայում: Նշենք, որ տվյալ փաստաթղթին աջակցում են ավելի քան 100 էթնիկ, կրոնական, քաղաքացիական եւ իրավապաշտպան կազմակերպություններ: Նախորդ տարվա մայիսին բանաձեւը հավանության է արժանացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Իրավաբանական կոմիտեի կողմից: