«Ես շատ ուրախ եմ, որ Ֆրանկֆուրտ եմ վերադարձել և այստեղ մենամարտ կանցկացնեմ: Իմ մրցակիցը Մելիսսա Մաքմորրոուն է` բռնցքամարտիկ, որը միշտ ռինգ է դուրս գալիս հանուն հաղթանակի: Պայքարը կոշտ է լինելու»,- հայտարարել է հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը:
Սյուզի Կենտիկյանը մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում կպաշտպանի WBA, WIBF և WBO վարկածներով իր գոտիները: Նրա մրցակիցը կլինի ամերիկուհի Մելիսսա Մաքմորրոուն:
Կենտիկյանի մարզիչ Մագոմեդ Շաբուրովը խոստովանել է, որ իրենք այդ մենամարտին պատրաստվել են ավելի քան մեկ ամիս և հաղթանակի են տրամադրված, հաղորդում է fightnews.com-ը:
Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 29-ում հաղթանակ է տարել և մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի:
Վերջին մենամարտը բռնցքամարտիկն անցկացրել է 2011թ. հոկտեմբերի 21-ին Տեերապորն Պաննիմիտի (Թայլանդ) հետ, որտեղ հաղթանակ է տարել:






