Մայիսի 28-ին վրացական Ախալքալաք քաղաքում ընդհարում է տեղի ունեցել տեղի հայ եւ վրացի երիտասարդների միջեւ, որի արդյունքում տասնյակ երիտասարդներ մարմնական վնասվածքներ են ստացել: «Yerkir.am»-ի հաղորդագրության համաձայն, այդ օրը Ախալքալաքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները նշում էին Առաջին հայկական Հանրապետության օրը: Խաղաղ ցույցին փորձել են խանգարել տեղի վրացիները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները եւ պատգամավորները փորձել են կասեցնել ընդհարումը: Նրանցից մեկը կրակել է Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության նախագահ Վահագն Չախալյանի վրա, բայց, բարեբախտաբար, գնդակը չի հասել նշանակետին: Վ. Չախալյանը եւ նրա համախոհները ձեռբակալվել են: Երկու օր բանտախցում պահելուց հետո նրանց ազատ են արձակել: Այժմ դրությունն Ախալքալաքում համեմատաբար հանգիստ է: Իրավապահ մարմինների հետագա գործողությունների մասին տվյալներ չկան: