Հայկական տոլման եւ կարկանդակները Լեհաստանում արժանավոր մրցակցություն են կազմել հոթ-դոգերին: Այսուհետեւ հայկական խոհանոցի բոլոր հրաշալիքները կարելի է գտնել «Գոռ» սրճարան-բիստրոյում, որը բացվել է Լեհաստանի Պոզնան քաղաքում: Ճաշացուցակն այստեղ այնքան էլ հարուստ չի, սակայն արդեն գրավել է տեղի գուրմանների ժողովրդականությունը: Լեհերին հատկապես դուր է եկել թփով տոլման: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, բիստրոյի բացման կապակցությամբ «Վիբորչա» լեհական ինտերնետ-թերթը նշում է, որ հայկական խոհանոցը շատ հին է: Նրա արմատները գնում են Ուրարտուի դարաշրջան, ինչը հաստատվում է հնեագիտական պեղումներով: Գտնվել է բոված հատիկաբույսերից կերակուր` «աղանձ»` որը հայերը մինչ այսօր օգտագործում են: Թերթի համաձայն` դարեր ի վեր հայերը կերել են մածուն, որի անվանումը առաջացել է «մածուցել» հայերեն բայից: Ի դեպ, հայտնի ճտի տապական նույնպես հայերեն «տապակել» բայից է: Միեւնույն ժամանակ, նշում է թերթը, չնայած մեծ թվով հայ-էմիգրանտների, Լեհաստանում չկա հայկական «լավաշ»: Հայաստանում եղած լեհերը հիացած են լավաշով եւ նույնիսկ զարմանք են արտահայտել, որ մինչեւ այսօր Լեհաստանում չեն թխում այդ «համով հացը»: Բիստրոյի հաճախորդները հույս են հայտնում, որ շուտով Պոզնանում կբացվի հայկական ռեստորան: