Հայաստանը եւ Կուբան այսօր ստորագրել են համաձայնագիր` առեւտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ: Ինչպես հայտարարել են Երեւանում գտնվող Կուբայի ԱԳՆ ղեկավար Ֆելիպե Պերես Ռոկեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` ստորագրված համաձայնագրի շրջանակներում ստեղծվելու է միջկառավարական հանձնաժողով, որը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը: Նա նշել է, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, որ խորհրդային տարիներին Հայաստանի եւ Կուբայի միջեւ ձեւավորվել էին որոշ առեւտական հարաբերություններ, եւ տվյալ համագործակցությունը հնարավոր է վերականգնել: «Ստեղծված հանձնաժողովը թույլ կտա զարգացնել համագործակցության առաջնային ուղղությունները եւ կդառնա տարբեր ոլորտներում երկու երկրների առեւտրային հարաբերությունների ակտիվացման միջոցը»,- ասել է Վ. Օսկանյանը: Նախարարը նշել է նաեւ, որ Կուբայի պատվիրակության այցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման եւ միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցեր: Նրա խոսքերով` քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: