Շահմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, 2004 թվականը հռչակել է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի տարի: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, որն էլ հենց հանդես է եկել տվյալ առաջարկությամբ, այդ կապակցությամբ ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա ընթացքում Հայաստանում եւ աշխարհի այլ երկրներում անցկացնել հայտնի գրոսմայստերի 75-ամյակին նվիրված զանազան միջոցառումներ: Այսպես, հունիսի 9-15-ը Մոսկվայում կանցկացվի շախմատային խոշորագույն իրադարձություններից մեկը` «Պետրոսյանականների» թիմը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի գլխավորությամբ կմրցի աշխարհի հավաքականի հետ: Բացի Կասպարովից «Պետրոսյանականների» թվում են` Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, ինչպես նաեւ Պետեր Լեկոն եւ Բորիս Գելֆանդը: Աշխարհի հավաքականում, որը գլխավորում է Վիշվանաթան Անանդը, կխաղան Պյոտր Սվիդլերը, Մայքլ Ադամսը, Էտյեն Բակրոն, Ֆրանսիսկո Վալեխոն եւ Լյուկ վան Վելլին: Ընթացիկ տարվա նոյեմբերին Երեւանում կանցկացվի Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված երկու խոշոր մրցաշար: Սկզբում բաց միջազգային մրցաշար, այնուհետեւ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնատը: Դեկտեմբերին, Ինտերնետի միջոցով կկայանա մրցաշար` Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հավաքականների մասնակցությամբ: