Ներկայումս իրաքցի հայերի կողմից ռազմական գործողությունների գոտուց հեռանալու մտադրություն չկա: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Երեւանը չի բացառում, որ իրավիճակը կարող է փոփոխվել: Վ. Օսկանյանն ընդգծել է, որ ՀՀ ԱԳՆ-ն տվյալներ չունի իրաքյան պատերազմի ընթացքում հայկական բնակչության զոհերի մասին: Նա նշել է, որ փախստականների ընդունման հարցի կապակցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Հայաստանի կառավարությունն արդեն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները հանրապետությունում փախստականների ընդունման համար, մնացել է միայն ճշտել միջազգային կազմակերպությունների դերն ու մասնակցության հնարավորությունը տվյալ գործընթացում»,- ասել է Վ. Օսկանյանը: Նրա խոսքերով` Հայաստանի ԱԳՆ-ն ուշադրություն է հատկացնում նաեւ Իրաքի հյուսիսում բնակվող հայերին եւ գտնում է, որ Թուրքիայի Իրաք ներխուժման դեպքում այդ շրջանի հայ բնակչությունը նույպես կարող է ցանկություն հայտնել հեռանալ տարածաշրջանից: Նա նաեւ տեղեկացրել է, որ որոշ արաբական երկրներում, մասնավորապես, Սիրիայում, Լիվիայում, Հորդանանում, արդեն կենտրոնացվել են մոտավորապես 25 հայ ընտանիքներ, որոնք լքել են Իրաքը պատերազմական գործողությունների սկսվելուց առաջ:«ԱԳՆ-ն պարտավորել է տվյալ տարածաշրջանի հայ դեսպաններին` անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փախստականներին Հայաստան տեղափոխելու բոլոր միջոցները»,- հայտնել է Վ. Օսկանյանը: