Իսրայելի ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը կոալիցիային չանդամակցելու մասին: Ուշադրության արժանի է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության այն հատվածը, որտեղ նա անկեղծորեն հաջողություն ու արգասաբեր աշխատանք է մաղթում նոր կառավարությանը, PanARMENIAN.Net-ին է ասել Ալեքսանդր Ցինկերը: «Դա կարող է վկայել այն մասին, որ ցանկանալով պահպանել որոշակի ազդեցությունն ու վարկանիշը ընտրազանգվածի մոտ, ԲՀԿ-ն կդիրքավորի իրեն որպես մեղմ ընդդիմություն՝ սատարելով կառավարությանը մի շարք հարցերում: Սակայն դա միայն մի կողմից, իսկ մյուս կողմից՝ կուսակցությունն իրեն իրավունք է վերապահում մինչ նախագահական ընտրությունները կայացնել սեփական որոշումը: Այսպիսով, ԲՀԿ հայտարարությունը կոալիցիային չմասնակցելու մասին հետաձգում է քաղաքական սակարկությունը մինչև աշուն»,-ասել է քաղաքագետը:
Ալեքսանդր Ցինկերը գտնում է, որ ԲՀԿ-ն անհաշտ ընդդիմադիր ուժ չի լինի խորհրդարանում.«Հավանական է, որ բանակցությունները շարունակվեն նաև կոալիցիոն կառավարության ստեղծումից հետո: Եվ եթե ինչ-որ փուլում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համաձայնության գան միասնական թեկնածուի հարցում, կոալիցիան կարող է ընդլայնվել»: