Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններում Ադրբեջանի սադրանքները պատճառ են հանդիսացել, որպեսզի ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում դիտարկվի Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանի դսպանի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA), լսումների ժամանակ Ջեանն Շահինը և սենատոր Ռոբերտ Մենդեզը հստակորեն հասկացրել են, որ ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունները պետք է հիմնվեն ոչ միայն էներգետիկ բաղկացուցչի վրա, այլ պետք է արտացոլեն նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնական սկզբունքները, ինչպես նաև պետք է նկատի ունենան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնում:
Ելույթ ունենալով լսումներին` սենատոր Մենդեզը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի սահմանին իրականացված ադրբեջանական դիվերսիաների, Ադրբեջանի նախագահի` պատերազմ սկսելու սպառնալիքների և այն խոսքերի վրա, որ «ադրբեջանցիների համար հայերը համար մեկ թշնամին են»: «Ի՞նչ եք կարծում, վերևում ասվածից հետո, Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելը համապատասխանու՞մ է ԱՄՆ հետաքրքություններին»,-հարցրել է սենատոր Մենդեզը:
Ի պատասխան Ռիչարդ Մորնինգսթարը ասել է, որ ցանկացած ոչ արդյունավետ միջոցները միայն ավելացնում են լարվածությունը և էլ ավելի են դժվարացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ընդ որում, նա զերծ է մնացել Ադրբեջանին` Հայաստանի նկատմամաբ սադրանքներ կազմակերպելու մեջ ուղղակիորեն մեղադրելուց:
Խոսելով Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին` Մորնինգսթարը նշել է. «Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում աճող լարվածության պատճառով, մենք պետք է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրենք և դա անենք այնպես, որպեսզի դա չկիրառվի Հայաստանի դեմ: Ի պատասխան դրան Ռոբերտ Մենդեզը ընդգծել է. «Ես երբևէ չեմ լսել, որ Իլհամ Ալիևը ասի. «Իմ գլխավոր թշնամին, կամ անհանգստության պատճառը Իրանն է», նա ասել է «Մեր հիմնական թշնամին հայերն են»: Ես կարծում եմ, որ սա նկատի ունենալով, Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելը մեծ խնդիր է ներկայացնում»: ԾՂ