Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով կարգավորելու փորձը ողբերգություն կլիներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ողջ Կովկասի համար: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նրա խոսքերով, վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանը կորցրել է 30 հազար մարդ, 750 հազարը դարձել են փախստական եւ ժամանակվոր տեղահանված անձիք: Այսօր կողմերից յուրաքանչյուրն ունի լավ զինված բանակ, ուստի մարտական գործողությունների վերսկսման դեպքում զոհերի թիվը շատ ավելի մեծ կլինի: Բացի դրանից, ի չիք կդառնան 1991 թվականից հետո ձեռքբերված բոլոր տնտեսական հաջողությունները, ընդգծել է դեսպանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում հակամարտության կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում`Ռ.Հարնիշն ընդգծել է, որ ԱՄՆ-ն քվեարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձեւերի օգտին, որոնցում արտացոլվում է միջազգային հանրության վերաբերմունքը տվյալ խնդրի նկատմամբ որոշակի ժամանակահատվածում: Լիսաբոնի գագաթնաժողովում ԱՄՆ-ն քվեարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն սկզբունքների օգտին, որոնք արտացոլվել են ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ: «Այսինքն, միանգամայն պարզ է, թե ԱՄՆ-ն պաշտոնապես ինչ սկզբունքներով է առաջնորդվում տվյալ հարցում: Սակայն, ըստ Ստիվեն Մանի, մենք ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ ենք եւ պետք է գործենք մեզ տրված մանդատի շրջանակներում: Իսկ այդ մանդատը կայանում է նրանում, որ մենք պետք է գտնենք հակամարտության արդար եւ երկարատեւ կարգավորման տարբերակ», – նշել է Ռ.Հարնիշը: