Հայ սպաներին Բաքու ժամանելու համար թույլտվություն չտալու պատճառով Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսն այսօր որոշում է կայացրել չեղյալ հայտարարել «Լավագույյն համատեղ ջանք-2004» զորավարժություրնները, որոնք պետք է այսօր մեկնարկեին Ադրբեջանում` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Դաշինքի կենտրոնակայանի ներկայացուցիչը ընդգծել է, որ գեներալ Ջոնսը որոշել է չեղյալ հայտարարել զորավարժությունները, «քանի որ հրաժարվելով մուտքի արտոնագրեր տալ հայ սպաներին, Ադրբեջանը խախտել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժությունների անցկացման հիմնարար սկզբունքը, համաձայն որի դրանք պետք է բաց լինեն բոլոր-գործընկեր երկրների համար»: «ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ այդ սկզբունքը խախտվել է Ադրբեջանում զորավարժությունների կազմակերպման ընթացքում»,-հայտարարել է Դաշինքի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել էր մուտքի արտոնագրեր տրամադրել 5 հայ սպաներին, որոնք պետք է մասնակցեին «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին: