AM
14 September 2004 - 15:30 AMT

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նախօրեին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուկրաինայի ՆԳ նախարար Նիկոլայ Բիլոկոնին` ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են Մայր Աթոռ ս. Էջմիածնի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Հայկ Հարությունյանը կաթողիկոսին ներկայացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հետ հաստատված փոխգործակցությունը եւ իր գոհունակությունը հայտնել վերջինիս արդյունավետության առնչությամբ: Իր հերթին Գաեգին Երկրորդը կարեւորել է երկու երկրների իրավապահ մարմինների գործունեությունը երկրի կայունության, օրինականության պահպանման, ինչպես նաեւ ընդհանուր մարտահրավերներին դիմագրավելու գործում: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը հատկապես անդրադարձել է եկեղեցիների կարեւոր դերին` մարդկության առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման գործում: Շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար` Ուկրաինայի ՆԳ նախարարը նշել է միասնական պայքարի անհրաժեշտությունն ահաբեկչության եւ այլ խնդիրներում: Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Վ. Տյագլոն: