ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի ԽՎ անվտանգության քաղաքացիական ծավալման հարցերի հանձնաժողովի եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Ռ.Քոչարյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի համագործակցության ներկա մակարդակի առթիվ` նշելով, որ Հայաստանը կոնկրետ մասնակցություն ունի Դաշինքի մի շարք ծրագրերին: Խորհրդարանականների խնդրանքով Հայաստանի նախագահը պարզաբանումներ է տվել մի շարք հարցերի վերաբերյալ, մասնավորապես, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցությանը, Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին եւ հայ խաղաղապահների գործունեությանը: Շոշափելով տարածաշրջանային համագործակցության հարցը` Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ այն կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել հակամարտությունների կարգավորման համար, եւ Հայաստանը բազմիցս առաջ է քաշել «Համագործակցության ճանապարհով կոնֆլիկտների կարգավորում» բանաձեւը, որը, սակայն չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Նշենք, որ հանդիպումը երկուստեք գնահատվել է օգտակար եւ արդյունավետ: