AM
15 September 2004 - 14:26 AMT

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը: Ինչպես հաղրոդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, հայկական կողմից նախագահում էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԵՄ կողմից` Նիդեռլանդների ԱԳ նախարար Բեռնարդ Բոտը: Օրակարգում ընդգրկվել էին եվրոպական հարեւանության քաղաքականության, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների եւ համագործակցության հեռանկարների, էներգետիկ եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում կայունություն ու տեւական խաղաղություն հաստատելու եւ հարեւանների միջեւ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը` կարեւորելով Թուրքիային դրական երկխոսության մեջ ընդգրկելու հարցը, ինչպես նաեւ ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ շփումների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: Հիշեցնենք, որ համագործակցության համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործում է 1999 թվականի հուլիսի 1-ից: