Եթե հայ զինվորականները միանային Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ապա Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ դա կարող էր բացասական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ նրանց գործադրած ջանքերի վրա: Այդ մասին «Բի-Բի-Սի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մեհթին Միրզան: Նրա խոսքերով` Ադրբեջանի այդ դիրքորոշումը երկրում ՆԱՏՕ-ի զորավարժությունների չեղյալ հայտարարման հարցի վերաբերյալ արդեն ներկայացվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կողմից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը նախկինում բազմիցս հաղորդել էր, որ ոչ մի դեպքում զորավարժություններին մասնակցելու նպատակով Բաքու ժամանել ցանկացող հայ սպաներին մուտքի արտոնագրեր չի տրամադրի: