AM
17 September 2004 - 18:16 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է հենց հակամարտող կողմերից: Այդ մասին Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակներում Բաքու ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին հայտարարել է Բաքվի պետհամալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ կայացած հանդիպմանը: Նրա խոսքերով` Եվրամիությունը հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին: Այնպիսի հակամարտություններ, ինչպես ղարաբաղյանն է, տեղ էին գտել նաեւ Եվրամիության առանձին երկրներում, նշել է Պրոդին: «Դրանք կարգավորվել են ոչ թե ռազմական ճանապարհով, այլ տնտեսական բարեփոխումների շրջանակներում»,- ընդգծել է նա: Նշենք, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվից կմեկնի Թբիլիսի, որտեղից այնուհետեւ կուղեւորվի Երեւան: