Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Պֆայֆերի միջեւ կայացած բանակցություններում քննարկվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ապահովման հարցերը: Վկայակոչելով հավաստի աղբյուրներ` այդ մասին Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտնել է ադրբեջանցի անկախ զինվորական փորձագետ Ուզեյր Ջաֆարովը: Նշենք, որ ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Ասոշիեյթեդ պրեսը», Բուշի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են անցկացրել աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես Ադրբեջանում, ԱՄՆ-ի բանակի մի շարք նոր շարժունակ խմբեր ստեղծելու հարցի շուրջ: Աղբյուրի համաձայն` «ամերիկյան զորքերը փոքր առաջադիրքերի իրենց ցանցն են ծավալում ամբողջ աշխարհում, որոնք կոչված են օգնել միջինարեւելյան եւ աֆրիկյան թեժ կետերում ահաբեկչության դեմ պայքարելուն»: Նշենք, որ չնայած այդ առումով տեղեկատվության մեծ հոսքին, պաշտոնական Բաքուն առայժմ ոչ մի հայտարարություն չի արել երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայման մասին:






