AM
29 September 2004 - 15:03 AMT

ԲԱՔՈՒՆ ԿՈՂՋՈՒՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

Թբիլիսիում Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սալոմե Զուրաբիշվիլու եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում շոշափվել Է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանն առաջարկե՞լ Է իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրում, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել Է, որ Բաքուն կողջունի ցանկացած երկրի, այդ թվում Վրաստանի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Իր հերթին Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է, որ Թբիլիսին շահագրգռված Է ղարաբաղյան խնդրի արագ կարգավորմամբ: Նրա խոսքերով, դա, ինչպես նաեւ Վրաստանի տարածքի հակամարտությունների կարգավորումը, «կնպաստի ամբողջ տարածաշրջանի կայունությանը»: