Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետեւանքները չափազանց ծանր կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Այդ մասին երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է հայտարարել Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, երկրի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Հնարավոր պատերազմի ցանկացած` Հայաստանի համար նույնիսկ ամենաշահավետ արդյունքի դեպքում, մենք ոչ մի ցանկություն չունենք ներքաշված լինելու ռազմական գործողությունների մեջ: Պատերազմը դա կորուստներ է: Նույնիսկ եթե դրանք լինեն մեր օգտին մեկը յոթի հարաբերությամբ, ինչպես դա եղել է 1992-1994 թթ., միեւնույն է դա չի կարող մեզ մխիթարել: Պատերազմը նյութական ռեսուրսների մեծ ծախս է, սոցիալական հարցերի լուծման հետաձգում, վերջ ի վերջո ազատությունների սահմանափակում: Պատերազմել Հայաստանը պարտավոր կլինի միայն այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը հարձակում ձեռնարկի: Իսկ այդ դեպքում, ես ձեզ հավաստիացնում եմ, մենք կտանք արժանի պատասխան` այնպիսի պատասխան, որը երկար տարիներ հետ կպահի Ադրբեջանին պատերազմելու ցանկությունից»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարաը:






