AM
18 March 2003 - 17:37 AMT

ԹԲԻԼԻՍԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ՆԵՐՄՈՒԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ԿՐԿԻՆ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«AES-Թէլասի» ամերիկյան ընկերությունը, որին պատկանում են Թբիլիսիի բաշխիչ էլեկտրացանցերը, հրաժարվել է Ռուսաստանից 125 մեգավատտ էլեկտրաէներգիայի ներմուծումից եւ վերսկսել է էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից (60 մեգավատտ): Այդ մասին, ինչպես հաղորդում է «Առկա» գործակալությունը, տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը: Տվյալ որոշումն բացատրվում է նրանով, որ հանրապետությունում էներգահոսքերը վերահսկող «Վրաստանի պետական էներգահամակարգ» ՍՊԸ-ն չի ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը Թբիլիսի: «AES-Թէլասի» ընկերությունը Ռուսաստանի էլեկտրաէներգիայի գնման շուրջ մարտի 10-ին պայմանագիր է կնքել «Վինգֆիլդ» միջնորդական ընկերության հետ, սակայն Վրաստանի տարածքում հափշտակումների հետեւանքով Ռուսաստանից էլեկտրաէներգիան այդպես էլ ամբողջությամբ չի հասել Թբիլիսի: Մեկ շաբաթվա ընթացքում «AES-Թէլասի» եւ «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» ընկերություններն ակտիվ, բայց ապարդյուն բանակցություններ են վարել Թբիլիսին ռուսաստանյան էլեկտրաէներգիայով մատակարարման մասին: Արդյունքում, որոշվել է վերսկսել մեկ շաբաթ առաջ ընդհատված էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից: