Հայ խորհրդարանականները շրջափակել են ադրբեջանցի պատգամավորների փորձը Ժնեւում կայացած Միջխորհրդարանական միության 111-րդ գագաթնաժողովի օրակարգ մտցնելՂարաբաղին առնչվող հարցեր: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՄՄ-ում հայկական պատվիրակության նախագահ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով` Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է գագաթնաժողովի եւ հանձնաժողովների նիստերի օրակարգ մտցնել էթնիկ եւ միջպետական հակամարտությունների, փախստականների եւ վերաբնակեցված անձանց վերաբերյալ հարցեր: Սակայն, Հ.Հակոբյանի խոսքերով` ինքը նամակ է ուղարկել ՄՄ ղեկավարությանը, առաջարկելով չքննարկել ադրբեջանցի պատգամավորների առաջարկած Ղարաբաղին առնչվող հարցերը, քանի որ վերջիններիս քննարկումը ԵԱՀԿ եւ Մինսկի խմբի իրավասության մեջ է: Հիշեցնենք, որ Միջխորհրդարանական միության 111-րդ գագաթնաժողովը, որի անդամներ են համարվում աշխարհի 144 երկիր, անցկացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ժնեւում: Նշենք, որ այդ միջազգային կազմակերպության բանաձեւերը պարտադրող բնույթ չեն կրում:






