AM
11 October 2004 - 12:38 AMT

«ՎԵՐԻՆ ԼԱՐՍ» ԱՆՑԱԿԵՏԸ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲԱՑՎԵԼ Է

Կիրակի օրը վերսկսվել է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» վերահսկիչ-անցագրային կետի աշխատանքը: Մի քանի ժամվա ընթացքում անցակետով անցել են Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստան մեկնող հարյուրավոր մեքենաներ: Այդ մասին Թբիլիսիյում «Ռեգնում» գործակալության թղթակցին են հաղորդել Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ զորքերի դեպարտամենտում: Հիշեցնենք, որ «Վերին լարսը» փակ էր սեպտեմբերի 15-ից ի վեր Բեսլանի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, ինչն էլ Ռուսաստանից ոչ միայն Վրաստան, այլ նաեւ Հայաստան գնացող հազարավոր մեքենաների պարապուրդի պատճառ էր հանդիսացել: Վերջիններիս թվում էր նաեւ Հայկական ԱԷԿ-ի վերալիցքավորման համար վառելիքով բեռնված մեքենան: Նշենք, որ ինչպես հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանանակ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խնդիրը իր հսկողության տակ Է եւ մի քանի անգամ քննարկվել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: