Կովկասում խնդիրների լուծման համար Ռուսաստանը մտադիր է շարունակել ակտիվ խաղաղարարական եւ բանակցային գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով Ռուսաստանի ադրբեջանցիների կոնգրեսում: «Ռուսաստանը եւ Ադրբեջանը սերտորեն համագործակցում են Կովկասում բարդ եւ խճճված հակասությունների թնջուկը կարգավորելու շուրջ: Ռուսաստանը շահագրգռված է այդ տարածաշրջանի խաղաղ եւ կայուն զարգացման մեջ», – ասել է ՌԴ ղեկավարը: Նշենք, որ նախօրեին կայացել է նաեւ Վ.Պուտինի հանդիպումը Ի. Ալիեւի հետ, որի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է.«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը հետայսու եւս ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ թե՛ որպես մեր հարեւան, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ»: Վ.Պուտինը իր հերթին հիշեցրել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպման մասին: Վստահ եմ, որ այսօր հնարավոր է հանգիստ քննարկել Կովկասի ամենասուր խնդիրներից մեկը` ղարաբաղյան խնդիրը, նշել է ՌԴ ղեկավարը: