«Երբեմն լինում են պատահական, բայց հաճելի զուգադիպություններ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ համատեղ կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» վերահսկիչ սահմանակետի բացումը ռուս-վրացական սահմանում պատահաբար է համընկել Թբիլիսի նրա այցի հետ: Հիշեցնենք, որ ռուսական իշխանությունները փակել էին անցակետը Բեսլանի իրադարձություններից հետո, ինչը լուրջ խնդիրներ էր առաջացրել Հայաստանի համար Ռուսաստանի հետ տրանսպորտային կապի ընդհատման պատճառով: Ինչպես նշել էր Հայաստանի նախագահը, «ճանապարհը գործում է երկու ուղղությամբ, չի լինում այնպես, որ միայն մի կողմը վնասներ կրի»: Ռ.Քոչարյանի խոսքերով, նա «հակված չէ ողբերգականացնել իրավիճակը եւ շատ կցանկանար, որ նման բան այլեւս չկրկնվեր եւ բոլոր ճանապարհները նորմալ գործեին»: «Ինչքան շատ ճանապարհ` այնքան լավ: Այ եթե Թուրքիայից դեպի Հայաստանի սահմանը տանող ճանապարհը եւս գործեր, ամեն ինչ հոյակապ կլիներ այս տարածաշրջանում»,-կատակել է Հայաստանի նախագահը: Իր հերթին Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է «հետագայում խուսափել նման խնդիրներից` լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի հետ եւ ելքը ռուսական շուկա”: