«Ես պարտական եմ Ջավախքի բնակչությանը, որն ինձ շատ աջակցեց նախագահական ընտրությունների ժամանակ»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Թբիլիսիյում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: Խոսելով հայաբնակ տարածաշրջանի մասին` Վրաստանի նախագահը հայտարարել է, որ նրա բնակիչները պետք է տնտեսական եւ տրանսպորտային հնարավորություն ունենան ինտեգրվելու վրացկան հասարակությանը` անպայման պահպանելով հաղորդակցումը Հայաստանի սահմանամերձ շրջանների հետ: Անդրադառնալով հայ-վրացական սահմանին` Մ.Սահակաշվիլին կատակով նշել է, որ երկու հազար տարվա ընթացքում Հայաստանն ու Վրաստանը տարածքային վեճեր չեն ունեցել: Ինչպես իր հերթին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, հայ-վրացական սահմանի սահմանզատման հարցերը կարող են վերջնականապես լուծվել 2005 թվականին: Հայաստանի ղեկավարը նշել է, չկան ինչ-որ ցավոտ հարցեր, որոնք կարող էին լուրջ վեճեր առաջացնել: «Դրանք հարցեր են, որոնք կարելի է լուծել նորմալ եւ հանգիստ, աշխատանքային միջավայրում»,-ավելացրել է Ռ.Քոչարյանը: