AM
2 November 2004 - 14:25 AMT

ՌԴ ԱԳՆ. ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՉԻ ՆՊԱՍՏԻ ԴՐԱ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումը հազիվ թե բարենպաստ ազդեցություն ունենա բանակցային գործընթացի վրա: Այս մասին «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությանը հայտարարել է նախօրեին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտում` կապված ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանում «Ադրբեջանական գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի» հարցն օրակարգում ընդգրկելու հետ: «Ռուսաստանը, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, ձեռնպահ էր մնացել քվեարկության ժամանակ: Գտնում ենք, որ ԵԱՀԿ-ի հետ զուգահեռ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում տվյալ հարցի քննարկման նախաձեռնությունը հազիվ թե բարենպաստ ազդեցություն ունենա բանակցային գործընթացի վրա»,- հայտարարել է աղբյուրը: Ինչպես նշել են դեպարտամենտում, քվեարկության արդյունքները վկայում են այն մասին, որ նմանատիպ դիրքորոշում ունեն համաշխարհային հանրության անդամների մեծ մասը: Մոսկվայում գտնում են, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձեւաչափը թույլ է տալիս լուծել ղարաբաղյան հակամարտությանը եւ խաղաղությանը հասնելու գործում առաջընթացի ապահովմանը վերաբերող ցանկացած խնդիրներ: ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը նկատելի է դարձրել փոխընդունելի լուծում գտնելու վերաբերյալ բանակացությունների վերսկսման հեռանկարները: