«Վստահության միջոցների ստեղծումը Ադրբեջանի եւ Ղարաբաղի հասարակությունների միջեւ» նախագիծն իրագործվում է 2004 թվականի մայիսից` Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Գյանջայի գրասենյակի հետ համատեղ:
Ինչպես հաղորդում է ղարաբաղյան «Դեմո» թերթը, նախագծի շրջանակներում վերջերս Պյատիգորսկում կայացել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում: Ինչպես հանդիպման վայրի առնչությամբ հայտարարել է Կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը, Պյատիգորսկ քաղաքում հայերն ու ադրբեջանցիները, որոնց մեծ մասն այնտեղ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում, խաղաղ գոյակցում են եւ բարգավաճում հակամարտության ողջ շրջանում: Նշենք, որ
հանդիպման նպատակն իրենց ազգային համայնքների ներկայացուցիչների եւ ադրբեջանաղարաբաղյան պատվիրակության շփմանն աջակցելն էր եւ նրանց համագործակցության դրական փորձին ծանոթանալը: Կ.Օհանջանյանի կարծիքով` Պյատիգորսկի հանդիպումն առաջինն է նման ձեւաչափում, որտեղ հաջողվել է խուսափել սուր վիճաբանություններից, իսկ բոլոր մասնակիցներն իրար նկատմամբ տրամադրված էին բարեկամաբար: