Եվրամիությունը մտադիր է ԱՊՀ երկրների հետ համագործակցության նոր ծրագրում ներառել Հայաստանին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցը` Հայկական ատոմակայանին (ՀԱԷԿ) փոխարինող հզորությունների որոնման համար: Եվրամիությունը պնդում է ՀԱԷԿ-ի գործունեության ժամանակավոր դադարի առնչությամբ եւ դրա համար պատրաստ է տրամադրել 100 մլն եվրո: Սակայն հայ փորձագետները գտնում են, որ Հայաստանում այլընտրանքային էներգահզորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է շուրջ միլիարդ եվրո: Միջինում ՀԱԷԿ-ը արտադրում է ամբողջ Հայաստանի էլեկտրաէներգիայի 30-40%: Փորձագետների գնահատականների համաձայն` կայանը կարող է գործել մինչեւ 2016 թվականը: 2003 թվականի սեպտեմբերից ՀԱԷԿ-ը հանձնվել է «ՌԱՕ ԵԷՍ Ռոսիա» կառույցի եւ «Ռոսէներգաատոմ» կոնցեռնի դուստր համարվող «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը` հինգ տարի ժամկետով: Հայկական ատոմակայանի հարցը Հայաստանի համար վճռական ռազմավարական նշանակություն ունի: Ատոմակայանը Հայաստանի էներգետիկ համակարգի համար ոչ միայն առանցքային է, այլեւ էլեկտրաէներգիայի արտահանման չիրականացված մեծ ներուժ ունի: