AM
23 November 2004 - 15:12 AMT

ՄԱԿ-Ի ԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՈՏԻ ԴԱՐՁԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ԼՂՀ նախագահ Ա.Ղուկասյանը բացասական է գնահատել ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի դարձած տարածքների հարցը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրակարգում ներառելու Ադրբեջանի նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ այդ տարածքները գրավվել էին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից մարտական գործողությունների ընթացքում եւ նրանց վերահսկումը իրական երաշխիք է հանդիսանում բոլոր կողմերից շրջապատված ԼՂՀ հայերի համար: Հայկական ուժերի փոխհարձակման ընթացքում այդ տարածքների գրավումը հիմք հանդիսացավ մարտական գործողությունների հետագա դադարեցման համար եւ մինչեւ այժմ դրանց վերահսկողությունը պատերազմի չվերսկսման եւ խաղաղության միակ իրական երաշխիքն է: Ա.Ղուկասյանը նշել է, որ ազատագրված տարածքների մասին հարցը բարձրացնելով` «Ադրբեջանը շփոթում է պատճառը հետեւանքի հետ»: Հակամարտության կարգավորման հարցը, ԼՂՀ նախագահի կարծիքով, կարելի է կարգավորել միայն փաթեթային տարբերակով: Ադրբեջանցի քաղաքագետ Ռ.Մուսաբեկովը նոյեմբերի 20-ին «Վերսիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ նույնպես կարծիք է հայտնել, որ եթե ադրբեջանի նախաձեռնությանն «աջակցեն միայն Մահմեդական խորհրդաժողովի կազմակերպության երկրները եւ կղզիների պետությունները», ինչպես մինչեւ այժմ եղել է, ապա իրական արդյունքներ չպետք է սպասել: