Տվյալ պահի դրությամբ ադրբեջանա-վրացական սահմանում կուտակվել է Վրաստան մեկնող ավելի քան 1000 բեռնված վագոն: Ադրբեջանը կարող է խափանել իր տարածքով այլ երկրներից Վրաստան առաքվող բոլոր բեռների մուտքը, եթե դրանք այսուհետ եւս Վրաստանի տարածքով հասցվեն Հայաստան, երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի կառավարության առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովը: «Ցավոք սրտի», կան փաստեր Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների փոխադրման վերաբերյալ, հատկապես նավթամթերքի, վառելիքի տարանցում, նշել է նա: Աբասովը ավելացրել է, որ Հայաստան բեռների տարանցումը կանխելու համա անցյալ շաբաթ նա պաշտոնական հանդիպումներ է ունեցել վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Վրաստանի նախագահի հետ: Արդեն տասը տարուց ավելի է Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տնտեսական շրջափակման քաղաքականությունը, այն բանից հետո երբ ադրբեջանական կառավարությունը ռազմական գործողություններ ծավալեց այն ժամանակ գործող խորհրդային օրենքի համաձայն Ադրբեջանից անջատված Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:






