Սյունիքի շրջանում այսօր տեղի կունենա Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարության սկսվելուն նվիրված արարողությունը: Միջոցառմանը կմասնակցի հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը կառավարության ղեկավարը կմասնակցի Իրան-Հայաստան էլեկտրա հաղորդման երկրորդ գծի բացման արարողությանը: Սյունիքի մարզ կժամանի նաեւ Իրանի պատվիրակությունը` էներգետիկայի նախարար Հաբիբոլլա Բիթարաֆի գլխավորությամբ: Գազամուղի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2006 թվականի վերջին: Նախնական հաշվարկներով` հայկական կողմի ներդրումները կազմում են շուրջ 90 մլն դոլար, իրանական կողմը կծախսի մոտավորապես 120 մլն դոլար: Հիշեցնենք, որ գազամուղի շինարարությունը, որի մասին խոսում են 90-ական թվականներից, մշտապես հետաձգվում էր: Ի սկզբանե ենթադրվում էր, որ գազամուղը կկատարի տարանցիկ ֆունկցիաներ` իրանական գազի Եվրոպա տեղափոխման առումով, որը Հայաստանին լրացուցիչ շահույթ ստանալու հնարավորություն կտար: Սակայն, տվյալ պահին գազամուղի տարանցիկ ֆունկցիաների հեռանկարը բավականին մշուշապատ է` ռուսական կողմի ոչ պաշտոնական դեմ հանդես գալու պատճառով: