«Տեղեկատվություն կա այն մասին, որ Թբիլիսին ոչ պաշտոնական բանակցություններ է վարում Թեհրանի եւ Երեւանի հետ գազի արտահանման եւ տրանզիտի մասին», գրում է «Գազետասնգ.ռու»-ն: Խոսքը գնում է իրանական գազի հնարավոր տրանզիտի մասին Հայաստանի տարածքով, որն առնչվում է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը: «Որոշ թուրքական էներգետիկ ընկերությունների տվյալներով», գրում է ինտերնետ թերթը, Իրանը չի սահմանափակվի բացառապես Հայաստանին գազ մատակարարելով: Հեռանկարում հնարավոր է իրանական գազի տրանզիտը Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով Ռուսաստան, ԱՊՀ արեւմտյան տարածաշրջաններ եւ Արեւելյան ու Արեւմտյան Եվրոպա: «Վրաստանը շահագրգռվածություն է արտահայտում իրանական գազի արտահանման առնչությամբ, այդ թվում նաեւ քաղաքական պատճառներով` որպեսզի թուլացնի էներգետիկ կախումը Մոսկվայից»: Ըստ «Գազետասնգ.ռու»-ի տվյալների, Հայաստանի եւ Վրաստանի միջին տարեկան եկամուտները իրանական տրանզիտից գնահատվում է 80-100 մլն դոլար: