AM
17 December 2004 - 18:58 AMT

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՋԱՎԱԽՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՌՈՒՅՑ ՍՏԵՂԾԵԼ, ԳՏՆՈՒՄ Է Ս.ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

«Մեր ցանկությունն է, որ Հայաստանն ու Վրաստանը Ջավախքում այնպիսի ծրագրեր եւ քաղաքականություն իրագործեն, որը կբացառեր այնտեղ առկա դժվարությունների վերածումը այլ բնույթի խնդիրների», հայտարարել է այսօր ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում: Հայաստանում կայացած Դաշնակցության 8 համագումարի բանաձեւի համաձայն առաջարկվում է Հայաստանի կառավարությանը կից Ջավախքի հարցերով հատուկ կառույցի ստեղծում: Լրագրողի հարցին այս որոշման ընթացքի մասին Ս.Սեյրանյանը պատասխանել է, որ ներկայումս կուսակցությունը նախապատրաստում է առաջարկների ամբողջական փաթեթ այդ հարցի առնչությամբ: «Նման կառույցներ կան Ուկրաինայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Ռուսաստանում` այն երկրներում, որոնք մեծաքանակ սփյուռք ունեն», նշել է նա` կարծիք հայտնելով, թե այդ կառույցի ստեղծմամբ Վրաստանի համար խնդիրներ չպետք է առաջանան: «Հակառակը հենց այդ կառույցի միջոցով ենք մենք տեսնում Վրաստանի հետ համատեղ ծրագրերի իրագործումը»: Միեւնույն ժամանակ, Ս.Սեյրանյանը նշել է, որ Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելը չի նշանակում աչք փակել այն բանի վրա, որ Ջավախքում խտրական քաղաքականություն է տարվում հայ բնակչության նկատմամբ: «Հայրենակիցների խնդիրների մասին հոգ տանելը հայկական պետության պարտականությունն է»: