AM
24 December 2004 - 18:24 AMT

«ՑՈՒՑԱԴՐԵԼ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ԱՆԿԱԽ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻՆ ԵՎ ՓՐԻԿԻՉԻՆ»

«Երբ ես անցնում եմ այս դիմանկարի կողքով, թվում է թե նա ինձ է նայում ժպիտով», ասում է Հ.Ալիեւի հիմնադրամի աշխատակից, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Պարվին Իսմայլովան: Հ.Ալիեւի հիմնադրամին նվիրված դիմանկարն ասես ողջունում է յուրաքանչյուրին, ով մտնում է նրա հիշատակի տաճարը: Այդ իմացության կայծերը, այդ հետքրքրասիրության փայլը զարմանալի ձեւով հաջողվել է ցուցադրել նկարիչ Նիկաս Սոֆրոնովին` Հեյդար Ալիեւի դիմնանկարում»: Սա միայն մեկ հատված էր ադրբեջանական մամուլից` նվիրված Հ.Ալիեւի մահվան տարեդարձին: Այս հիանալի մեջբերումները վկայում են, որ չուչխեի գաղափարները կենդանի են եւ հաղթում են անկախ Ադրբեջանում: Չնայած նրան, որ չուչխեն ծնվել է Հյուսիսային Կորեայում, սակայն միջազգային երեւույթը տարածվել է իր պատմական արեալի սահմաններից հեռու: Մեր կարդացողների ուշադրությանն ենք հրավիրում մի քանի հատված եւս մեր ադրբեջանցի գործընկերների սքանչելի ստեղծագործություններից: Մեջբերումներն անհրաժեշտ է կարդալ լրջախոհորեն, դանդաղ եւ նախադպրոցական երեխաների բացակայության դեպքում: Շատ ցանկալի է բաղաձայներն արտաբերել բնորոշ շնչեղությամբ: «Երկու երիտասարդ լենքարանցիներ` Հ.Ալիեւի փողոցի բնակիչներ, եկել են հարգեն համազգային առաջնորդի հիշատակը ոտքով գալով Լենքարանից մինչեւ Պատվո զբոսայգի, որտեղ թաղված է Ալիեւը: Նրանք նման ուխտ են տվել: Տեխնիկական գիտությունների դոկտոր Ակիֆ Ռզաեւը իր ընկերների հետ Սամուխի քաղաքային այգուց, որը կրում է մեծ առաջնորդի անունը, եկել են Բաքու, որ իրենց խոր հարգանքի տուրքը մատուցեն նախկին նախագահին: Մեր նպատակն այն է, որպեսզի ցուցադրենք մեր անսահման սերն անկախ Ադրբեջանի ճարտարապետին եւ փրկիչին, իմաստուն քաղաքական անհատականությանը, մեր ժողովրդի համազգային առաջնորդին»: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Իզոեստիա» թերթի «Ադրբեջան» հավելվածը: Նույն աղբյուրը վստահորեն ավելացնում է հետեւյալը. «Լուսանկարները վկայում են. ցանկացած հագուստ նստում էր նրա վրա ինչպես ձուլվածք: Նրա կյանքի պատմությունը, որն արձանագրված է Հիմնադրամի փաստաթղթերում, հաստատում է` նա կարող էր դառնալ շատ լավ պատմաբան, հոյակապ ճարտարապետ եւ դերասան»: Եվ վերջապես ամենացնցողը` նա կարող էր դառնալ «հոյակապ զինվորական» միայն այն պատճառով, թե ինչպես էր «նրա վրա նստում գեներալի համազգեստ»: Եվ այդ մարդիկ չգիտես թե ինչու գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ցանկությունից այրվեն չուչխեի անմահ գաղափարների գիրկը վերադառնալու համար: